Լուրեր
|
Օզուրգեթի և Բաթումի կատարած այցելության շրջանակում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, 2019 թվականի ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի մանկավարժների հետ: Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Հանդիպմանը քննարկվեցին կենտրոնի ընդհանուր աշխատանքների ընթացքը, կարևորվեց այս ուսումնական տարում Բաթումիի թիվ 4 վրացական դպրոցում բացված հայ-վրացական դասարանի գործունեությունը, որը կարող է իր տեսակով լավ օրինակ հանդիսանալ աշխարհի տարբեր համայնքների համար: Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց նաև մշակութային լայնածավալ գործունեությանը, ավանդույթների վերականգնմանը, հոբելյանական միջոցառումների իրականացմանը, որոնք դուրս գալով հայկական շրջանակներից հետզհետե դառնում են ընդունելի նաև վրաց հասարակության կողմից: Ուստի Հայոց եկեղեցիների կողքին կրթամշակութային կենտրոնները կոչված են լրացնելու հայապահպան գործունեությունը: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի աշխատակազմին կենտրոնի տարածքի ընդլայնման համար, որի նյութական միջոցները հոգացել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը հորդորեց հոգևոր հովվին և կենտրոնի ղեկավարությանը՝ Օզուրգեթիի կենտրոնին նմանատիպ կենտրոն բացել նաև Քոբուլեթի քաղաքում: Ալ.Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ուսուցիչների անունից շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդին իրենց բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելու և ուղղորդելու, նաև կենտրոնի տարածքային ընդլայնման նպատակով միջոցներ հայթայթելու համար և հանձնառու եղավ առավել ջանադրությամբ շարունակել աշխատանքը՝ ի շահ Բաթումիի, Օզուրգեթիի և մյուս համայնքների հայության շրջանում ազգապահպանության գործին:
|