1

fb you od

Երեկո՝ նվիրված երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

srb

Հունիսի 15-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Վիրահայոց Թեմի նախկին Առաջնորդ, երեք տասնամյակ շարունակ Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում խոնարհությամբ իր ծառայական առաքելությանը նվիրագրված երջանկահիշատակ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հուշ-երեկոն:

Միջոցառումը Վիրահայոց Թեմի աջակցությամբ` նախաձեռնել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Թբիլիսյան կազմակերպությունը: Հուշ-երեկոյին ներկա էին հոգևոր դասը, վիրահայ պաշտոնյաներ, մտավորականության, արվեստի ներկայացուցիչներ, հավատացյալներ:

10 վառվող մոմերով Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաների մուտքը դահլիճ խորհրդանշեց այն տասը տարիները, որոնք Վիրահայոց Թեմի նախկին առաջնորդին բաժանում են իր հավատացյալ հոտից:

Միջոցառման կազմակերպիչ և վարող Ռոզա Զոհրաբյանը հանգամանորեն ներկայացրեց Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կյանքն ու աստվածահաճո գործունեությունը, Քրիստոսի Սուրբ տաճարում նրա ծառայության տարիները: Ի թիվս նվիրյալ հոգևորականի գիտական գործունեության, որը արժևորվում է նրա տոմարագիտական ծառայությամբ և եկեղեցական օրացույցի կազմամբ, հույժ կարևորվեց Երջանկահիշատակ Սրբազան Հոր նախաձեռնությամբ և աջակցությամբ 1994 թվականին Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ստեղծումը, որտեղ հայերեն գրաճանաչություն են սովորել օտարալեզու հարյուրավոր հայ երիտասարդներ և որը գործում է մինչև օրս:

Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի խոնարհության, բարության, իմաստության, հայ-վրացական եկեղեցիների բարեկամության գործում ունեցած մեծ ավանդի մասին խոսեցին և Թեմակալ Առաջնորդի հետ իրենց առնչություններից հուշեր պատմեցին Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, Վիրահայոց Թեմի մամլո-խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ Թամարա Սոլոմոնովան և ուրիշներ:

Ընթերցվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսներ Վազգեն Առաջինի և Գարեգին Առաջինի և Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի գնահատականներն ասված ՀՀ «Գրիգոր Նարեկացի» շքանշանի և Վրաստանի «Պատվո շքանշանի» ասպետ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի մասին:

Վերջում իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը բարձր գնահատելով երջանկահիշատակ Գևորգ արքեպիկոպոս Սերայդարյանի հուշ-երեկոն, այն անվանեց մեծ հարգանքի և սիրո դրսևորում, հոգևոր հոր աստվածահաճո գործունեության բարձր գնահատում, կարևորելով հոգևորականի գործունեությունն իր ժամանակաշրջանի մեջ գնահատելու անհրաժեշտությունը:

Հուշ-երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կյանքի դրվագներից տեսագրություններ, հնչեցին մեղեդիներ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի (խմբավար Լուիզա Վարդանովա), դաշնակահարներ Եսայի Աբովյանի և Կարեն Միրզոյանի կատարմամբ: