1

fb you od

Հանդիպում-բանավեճ ճանաչված սոցիոլոգ-պատմաբան Քլեր Մուրադյանի հետ PDF Տպել Էլ.փոստ

kler muradyan

Ընթացիկ տարվա հունիսի 16-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում սոցիոլոգիական գիտությունների մասնագետ, պատմաբան, Ֆրանսիայում կովկասյան հարցերով ճանաչված փորձագետ Քլեր Մուրադյանի հետ:

Տիկին Քլեր Մուրադյանը Ֆրանսիայի Գիտական-հետազոտական ազգային Կենտրոնի տնօրենն է, ինչպես նաև՝ Փարիզի սոցիոլոգիական հետազոտությունների բարձրագույն դպրոցին կից Կովկասյան հարցերով բաժնի ղեկավարը, հետխորհրդային Կովկասի և Հայաստանի 19-20-րդ դարերի սոցիալական և քաղաքական պատմության մասնագետ: Նա 2010 թվականին լույս տեսած «Ֆրանսիայի հայերը՝ քաոսից դեպի ճանաչում» գրքի հեղինակն է:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով ժամանելով Թբիլիսի, տիկին Մուրադյանը սիրով ընդառաջեց Վիրահայոց Թեմի իրավական հարցերով պատասխանատու Լևոն Իսախանյանի առաջարկությանը և ժամանակ գտավ հանդիպելու վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկելու և պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին:

Տիկին Մուրադյանը ներկայացավ որպես հայոց մեծ ցեղասպանությունից մազապուրծ փրկված մի ընտանիքի զավակ, ով երկար դեգերումերից հետո հաստատվել է Ֆրանսիայում: Նա ներկայացրեց ֆրանսահայ համայնքը, գործունեության նպատակները և ոլորտները, ինչպես նաև հայ մարդու կերպարը Ֆրանսիայում:

Այնուհետև տիկին Մուրադյանը պատմականորեն տեսաբանեց Կովկասյան երկրների անցյալի և ներկայի հիմնադրույթները, ներկայացրեց պայքարը դրանց վերացման ուղղությամբ:

Սոցիոլոգ-պատաբանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում կապված էին Հայոց Ցեղասպանության, Ֆրանսիայի իշխանությունների մոտեցումների և ֆրանսահայ համայնքի գործունեության խնդիրների, խառը ամուսնությունների և հայերենի պահպանության հետ:

Հանդիպումն ընթացավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Հանդիպումից հետո մասնակիցների ուղեկցությամբ տիկին Քլեր Մուրադյանը այցելեց Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, իսկ այնուհետև հյուրընկալվեց Դավթյան տիկնիկային մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյան մոտ: