1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ նորաստեղծ հայկական կենտրոնի շնորհանդեսը PDF Տպել Էլ.փոստ

Emma

Հունիսի 20-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ նորաստեղծ «Հայկական գիտական կենտրոն Վրաստանում» կազմակերպության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարը,

Զեզվա Մեդուլաշվիլին, հայագետներ Իրինա Կոբախիձեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ռամազ Գորգաձեն, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Լևոն Թորգոմյանը, հայ և վրացի մտավորականներ, գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Բացելով շնորհանդեսը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող և գեղարվեստական ղեկավար Լևոն Չիդիլյանն ընթերցեց ՀՀ Սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանի շնորհավորական ուղերձը՝ Վրաստանում հայկական գիտական կենտրոնի հիմնադրման կապակցությամբ:

Նորաստեղծ կազմակերպության հիմնադիր տնօրեն Էմմա Ախտյանը ներկայացրեց նախաձեռնողական և հիմնադիր խմբի անդամներին և ծանոթացրեց կազմակերպության նպատակների և խնդիրների հետ: Նա կարևորեց հայ գիտական միտքը կենտրոնացնելու և համակարգելու, ինչպես նաև նոր գիտաշխատողներ աճեցնելու խնդիրը, որի լուծմանն է ուղղորդելու իր գործունեությունը վերոնշյալ կազնակերպությունը:

Այնուհետև նախաձեռնողական խմբի անդամ Գիսանե Հովսեփյանը ներկաներին ծանոթացրեց սեփական հանդես ունենալու կենտրոնի նախագծի հետ, որի առաքելությունը լինելու է գիտական հոդվածների, նորանոր ուսումնասիրությունների , գրականության, պատմության, եկեղեցու հետ կապված տարբեր նյութերի հրապարակումը:

«Հայկական գիտական կենտրոն Վրաստանում» կազմակերպության ստեղծումը ողջունեցին և այդ կառույցի գործունեության անհրաժեշտության մասին խոսեցին բոլոր ելույթ ունեցողները:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով շնորհանդեսի մասնակիցներին, արժևորեց գիտական կենտրոնը որպես մի կառույց ,որը պետք է իր ներդրումն ունենա Վրաստանում հայկական եկեղեցիները Վիրահայոց Թեմին վերադարձնելու, հայ-վրացական բարեկամությունը խորացնելու, հայ գիտական միտքը զարգացնելու տեսակետից:

Շնորհանդեսը համեմված էր ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի, դաշնակահար Եսայի Աբովյանի և աշակերտուհի Աննա Միքայելյանի գեղեցիկ կատարումներով՝ երգով, պարով և նվագակցությամբ: