1

fb you od

Ռուբեն Ոսկանյանը երգով հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին PDF Տպել Էլ.փոստ

Apo

Ընդամենը մեկ տարի է անցել այն օրից, երբ Ռուբեն Ոսկանյանը ոտք դրեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն: Սակայն այդ կարճ ժամանակաընթացքում նա ակտիվորեն ընդգրկվեց Թեմի և կենտրոնի գործունեությանը, դառնալով բոլոր նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը:

Հայոց եկեղեցին և կենտրոնը դարձան նրա հարազատ տունը և սիրելի վայրը: Բնատուր ձայնը, ժողովրդական և գուսանական երգի ճիշտ ըմբռումը և փայլուն կատարումը շուտով Ռուբենին դարձրին ճանաչված, սիրված և ցանկալի մենակատար: Նրա կատարմամբ «Հայոց մայրեր», «Ով, Կարմիր Վարդան» և մյուս երգերը թբիլիսահայ ունկնդիրն ընդունեց հիացմունքով: Այդ են վկայում այն ջերմ ընդունելությունը, որոտընդոստ ծափահարությունները, որով ուղեկցվում էր Ռուբենի երգը:

Եվ ահա եկավ հրաժեշտի օրը: Ռուբեն Ոսկանյանը մշտական բնակության է մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ...

Հունիսի 23-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Ռուբեն Ոսկանյանի հրաժեշտի համերգը: Այն կազմակերպել էր կենտրոնի երիտասարդական խումբը մենակատար Հովհաննես Շահնազարյանի գլխավորությամբ:

Դահլիճը լեփ-լեցուն էր Ռուբենին ճանաչողներով, նրա երգի երկրպագուներով, ընկերներով, հարազատներով, ովքեր եկել էին մեկ անգամ ևս ըմբոշխնելու Ռուբեն Ոսկանյանի կենդանի կատարումները:

Տերունական աղոթքից հետո համերգը բացեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա բարձր գնահատեց կենտրոնի երիտասարդական խմբի և բոլոր անհատ կատարողների նախաձեռնությունը երգով հրաժեշտ տալու իրենց սիրելի ընկերոջը:

Օրհնության իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց Ռուբենի հատկապես գուսանական երգի փայլուն կատարումները, որը երգի մի ուրիշ տեսակ է:Անվանելով նրան լավ մարդ, որին բոլորը սիրում են, Սրբազան Հայրը համոզմունք հայտնեց, որ Ռուբենը կդառնա վիրահայության դեսպանը օվկիանոսից անդին: Թեմակալ առաջնորդը նրան նվիրեց թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի՝ Թբիլիսիի պատկերով կտավը, որը նրան միշտ հիշեցնելու է թբիլիսահայությանը:

Համերգի վարող Լիզա Թորոսյանի գեղեցիկ խոսքը համեմվում էր անհատ կատարողների երգով ու պարով: Առանձնապես հուզիչ էին Ռուբեն Ոսկանյանի կատարումները: Երգով Ռուբեն Ոսկանյանը հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին, իր հետ տանելով նրա սերն ու բարի ցանկությունները: