1

fb you od

Արցախի պետական երգչախումբը համերգ տվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

ergchaxumb

Օգոստոսի 11-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի խորհուրդն էր Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոցը: Կիրակնօրյա Պատարագին, ի թիվս թբիլիսահայ հավատացյալների, ներկա էին Ստեփանակերտից ժամանած Արցախի պետական երգչախմբի անդամները:

Հավարտ Պատարագի՝ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Արցախի պետական երգչախմբին, ողջունեց հյուրերին և խրախուսեց Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ հանդես գալու նրանց ցանկությունը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանը ողջունելով ներկաներին հիշատակեց, որ դեռևս ուսանողական տարիներին ինքը մասնակցել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում կայացած համերգին և միտք է հղացել անպայման երգել Թբիլիսիի հայոց եկեղեցում: Նա երախտագիտության խոսքեր ուղղեց Վիրահայոց Թեմի առաջնորդին այդ հնարավորությունն ընձեռելու համար:

Արցախի պետական երգչախումբը կազմավորվել է ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, 1991 թվականին: Արմատներով ղարաբաղցի, ծնունդով մոսկվացի երաժիշտ Նինա Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծված փոքրաթիվ խումբը անցել է բարդ ու դժվարին ճանապարհ, պահպանվել սոսկ ոգևորության և ազգային խանդավառության զգացմունքների շնորհիվ: Բարձր մշակույթով աշխարհին ներկայանալու մեծ ցանկության և աշխատանքային համառության շնորհիվ շուտով երգչախումբը ճանաչվեց Արցախի երգչախմբային կապելլա, իսկ կատարողական բարձր մակարդակը և ակնհայտ պրոֆեսիոնալիզմը հիմք դարձավ կապելլային շնորհելու Արցախի պետական երգչախմբի կարգավիճակ:

Կայացած երգչախումբը, որի երգացանկում աշխարհի դասական և հոգևոր երաժշտության նմուշներ են, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ, մասնակցել է միջազգային տարբեր մրցույթների և փառատոների: Դեռևս 2003 թվականին Բարսելոնայում հանդես գալով դասական երգերի բազմաձայն կատարմամբ, պետական երգչախումբը արժանանում է ոսկե մեդալի, իսկ 2009 թվականին Ավստրիայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնից վերադառնում է արծաթե մեդալով:

Արցախի պետական երգչախմբի կողմից Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունների քառաձայն կատարումները, արժանանալով վիրահայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բուռն ծափահարությանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց երգչախմբի ղեկավարի և անդամների կատարումները:Առաջնորդը երգչախումբն անվանեց Արցախի մշակույթի դեսպանը Կովկասում և առաջարկեց Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել համերգային լայն ծրագրով պետական երգչախմբի ելույթը Թբիլիսիում:

Երգչախմբի ելույթը ողջունեց Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը, իսկ բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա –Կիրակոսյանը հյուրերին նվիրեց իր «Հայաստան» բանաստեղծությունը:

Արցախի պետական երգչախմբի անդամներին բաժանվեցին օրհնված խաչեր:

IMGP9025 IMGP9046 IMGP9093

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)