1

fb you od

Փակվեց Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարը PDF Տպել Էլ.փոստ

bakain chambar

Սեպտեմբերի 2-ին մեծ շուքով և հանդիսավորությամբ Ախալքալաքում կայացավ Սբ Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարի փակման արարողությունը:

Բակային ճամբարն Ախալքալաքում գործում էր օրհնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի: Առաջնորդական փոխանորդությունը մեկ ամիս շարունակ Սբ Խաչ եկեղեցու փեշերի տակ էր հավաքել այն երեխաներին, որոնք տարբեր պատճառներով չէին կարողացել իրենց ամառային հանգիստն անցկացնել Ջավախքից դուրս:

Ջոկատավարները երեխաներին ծանոթացրել են Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ժողովրդի հնագույն պատմությանը, երեխաները մեկ ամիս շարունակ հնարավորություն ունեին սովորելու աղոթքներ և հոգևորականների հետ շփվելու կարգը: Թվով մոտ 100 երեխա այս տարի ընդգրկվեց բակային ճամբարի առօրյայի մեջ՝ իրենց բազմազբաղ օրը սկսելով Սբ Խաչ եկեղեցում հոգևորականի հետ աղոթքով, ստանալով քահանայի պատգամ-հորդորը:

Բակային ճամբարի շրջանակներում կազմակերպվել են ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր՝ ավելի մոտ ծանոթանալու Ջավախք լեռնաշխարհի հարուստ մշակույթին: Երեխաների սրտերը ցնծությամբ լցրեց նաև Ախալքալաքի բերդ կազմակերպված արշավը, ուր ծանոթացան բերդի պատմությանը, տեսան հինավուրց աշտարակները, վաղեմի եկեղեցու հետքերը և այլն: Մեկ ամիս շարունակ եկեղեցին խինդ ու ծիծաղ էր պարգևում, հույսով ու հավատքով լցնում մանուկների հոգիները:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ և միասնական աղոթքով ազդարարվեց բակային ճամբարի փակման հանդիսությունը:

Ջավախքի առաջնորդական փոխանորդն իր խոսքում արժևորեց բակային ճամբարի ջոկատավարների կատարած մեծ և հայրենանվեր աշխատանքը և հույս հայտնեց, որ ճամբարը շարունակական կլինի:
Երեխաները մեծ խանդավառությամբ և սիրով ներկայացրին այն ամենը, ինչ սովորել էին մեկ ամսվա ընթացքում: Նրանց մանկական շուրթերից ևս մեկ անգամ հնչեց հայերեն խոսքն ու հայրենասիրական երգը, որը եզրափակվեց Տերունական աղոթքով:
Հանդիսության ավարտին երեխաներին Ջավախքի առաջնորդարանի կողմից բաժանվեցին նվերներ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)