Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդը |
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվեց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, առաջնորդանիստ համալիրի կառուցման բարերարները: Այս առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մոսկվա էին ժամանել թեմակալ առաջնորդներ և բարերար հայորդիներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ պետական այրեր, գիտության, կրթության մշակներ, մշակույթի անվանի գործիչներ, Ռուսաստանի Դաշնության և մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչներ: Օծման արարողությանը մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ուղեկցությամբ: Հանդիսավոր արարողությունը սկսվեց հանդիսավոր թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՙԽորհուրդ խորին՚ շարականի երգեցողության ներքո առաջնորդարանից եպիսկոպոսների, Մայր Աթոռի միաբանների և թեմի քահանայից դասի կողմից առաջնորդվեց դեպի նորակառույց սուրբ տաճարը: Օրհնելով ներկա բազմահազար հայորդիներին` Վեհափառ Հայրապետը բարձրացավ խորան, ուր սկսվեց շքեղակառույց առաջնորդանիստի օծման արարողությունը:
|