1

fb you od

Թբիլիսիում բացվեց ևս մեկ արժանավոր հայի հուշատախտակ PDF Տպել Էլ.փոստ

ham

2014 թվականի հունիսի 12-ին, Թբիլիսիի Ասաթիանի (նախկին Էնգելսի) փողոցի թիվ 42 տան պատին, որտեղ մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, բացվեց հուշատախտակ:

Հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, թբիլիսահայ մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնակատար Վահագն Աֆյանը խոսելով Վրաստանի քաղաքամայր Թբիլիսիի բազում հայ անվանիների ծննդավայր լինելու մասին, կարևորեց նրանց հետքը պահպանելու նպատակով վերջին տարիներին Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և թբիլիսահայ համայնքի աջակցությամբ, կատարված աշխատանքները: Այդ նպատակով բացվող հուշատախտակները քաղաքի բնակիչներին և հյուրերին հիշեցնում են այս քաղաքի անվանիների մասին: Դրանցից մեկը Վիկտոր Համբարձումյան աշխարհահռչակ գիտնականի հուշատախտակի բացումն է:

Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական ծառայության և մշակույթի բաժնի պետ Մամուկա Քացարավան իր խոսքում նշեց, որ քաղաքապետարանը հպարտանալով ծնունդով թբիլիսեցի Վիկտոր Համբարձումյանի աստղագիտության ոլորտի հայտնագործություններով, դեռևս 1982 թվականին, երկու աստղագետների՝ Վիկտոր Համբարձումյանին և Եվգենի Խարաձեին շնորհեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացու տիտղոսը:

Ներկաների ծափերի ներքո քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետը և Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնակատարը հուշատախտակից իջեցրին սպիտակ սավանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)