1

fb you od

Թբիլիսիում գտնվող Վանաձորի թատրոնի ղեկավարները և դերասանները այցելեցին Վիրահայոց Թեմ PDF Տպել Էլ.փոստ

IMGP00190 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու իր նստավայրում, հյուրընկալեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանին, թատրոնի դերասաններին և թատերագետ և արվեստաբան Լևոն Մութաֆյանին:

Այս օրերին աբելյանցիները Թբիլիսի են ժամանել տեղի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության 50-ամյա հոբելյանի նշանավորման շրջանակներում: Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում աբելյանցիները հանդես եկան Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա», Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ« և Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումներով:

Բոլոր երեք ներկայացումները Թբիլիսիի հանդիսատեսը ընդունեց մեծ ոգևորությամբ, իսկ հյուրախաղերը Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության համար դարձան իրադարձություն:

Թեմի առաջնորդը մեծ գոհունակություն հայտնեց հյուրերին և անձամբ մեծահամբավ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին փայլուն ներկայացումների համար և իր օրհնությունը բաշխեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տաղանդավոր դերասաններին և ստեղծագործական խմբին:

Առաջնորդը կարևորեց Մայր Հայրենիքի ուշադրությունը Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հանդեպ և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով, Վրաստանի և Հայաստանի իշխանությունների համատեղ աջակցությամբ կնորոգվի Թբիլիսիի հայ թատրոնի շենքը և կշարունակվեն հին և բարի ավանդությունները:

Հանդիպմանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը հայտնեց, որ նախատեսում է Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի դերասանների հետ ներկայացում բեմադրել:

Մաէստրոն իր գոհունակությունը հայտնեց Թբիլիսիի հանդիսատեսի ջերմության և ոգևորության համար, նաև երախտագիտության խոսքեր ասաց հյուրընկալող թատրոնի տնօրինության մասին:

Հյուրերը մոմեր վառեցին հայոց հինավուրց Սուրբ Էջմիածին եկեղեցում , շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում և ծանոթացան կենտրոնի գործունեությանը:

Հանդիպմանը ներկա էր Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)