Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի անդրանիկ Պատարագը Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում |
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: Թբիլիսիի հավատացյալները մեծ ուրախություն ապրեցին, վայելելով Տեր հոր հոգեպարար Պատարագը և ունկնդրելով նրա քարոզը: Երախտագիտության խոսքով վիրահայ հավատացյալներին դիմեց օրվա Պատարագիչը՝ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում, հաճախել է տեղի թիվ 95 հայկական դպրոցը, սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայության անցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: 2011 թվականին Տեր Ղևոնդ քահանան ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից պատրաստման լսարանը և ավարտել եռամյա դասընթացը: 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնի օրը, ձեռամբ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց հոգևոր Թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ, ձեռնադրվել է քահանա: Նորաօծ Տեր Հայրը նոյեմբեր ամսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում: Հընթացս Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը հավատացյալներին ներկայացրեց Տեր Ղևոնդ քահանային, երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսչությանը՝ Տեր Ղևոնդին որդիաբար ընդունելու, հոգևոր գիտելիքներ բաշխելու համար: Սրբազանը ճանաչելով Տեր Ղևոնդին, նրա հոգևոր կարողությունները և գիտելիքները, հույս հայտնեց, որ արժանապատիվ Տեր հայրը իր բարի ծառայությունը կմատուցի վիրահայ հնամենի համայքին: Նորաօծ Տեր Ղևոնդ քահանան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ իր ծառայությունը կմատուցի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր փոխանորդության Ախալցխա քաղաքի և շրջակա հայկական համայնքներում՝ որպես հոգևոր հովիվ: Պատարագի ավարտին Եկեղեցու հավատացյալները և հոգևոր դասը շնորհավորեցին նորաօծ և արժանապատիվ քահանային, բարի ծառայություն մաղթելով նրան: |