1

fb you od

Ասմունքի խմբակի բաց դասը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC0s1226 

Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի ասմունքի խմբակի բաց դասը (խմբակի ղեկավար՝ Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյան): Դասը նվիրված էր աշնանը: Տարվա այս եղանակը երգել ու տարբեր ժանրի ստեղծագործություններ են նվիրել հայ պոետական գրչի նվիրյալները: Եվ ահա խմբակի ուսուցչի անբասիր աշխատանքով 13 հայ դեռահասներ դահլիճում հավաքվածներին նվիրեցին հայ գրականության այդ գոհարների գեղարվեստական ընթերցումը:

Հայոց և այլալեզու դպրոցների սաները, որոնցից շատերը հայերենը սովորել են կենտրոնի կիրակնօրյա դպրոցներում, փայլուն արտահայտչականությամբ, անսխալ շեշտադրությամբ , յուրաքանչյուր բառի ճիշտ ըմբռնումով հնչեցրին Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և այլոց հոգեհմա ստեղծագործությունները: Տերևաթափի տեսանելիության և չորացած տերևների շրշյունների, համապատասխան ժողովրդական մեղմանուշ մեղեդու ներքո ասմունքեցին երեխաները, հուզմունքով զգալով յուրաքանչյուր բանաստեղծության իմաստն ու խորությունը:

Երախտիքի խոսքեր ուղղելով խմբակի մասնակիցներին և խմբակի ղեկավարին նպատակային մեծ աշխատանքի համար, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարևորեց խոսքի զարգացման անհրաժեշտությունը հայ դեռահասի մոտ. կենդանի խոսքը, հարուստ բառապաշարը և դրա ճիշտ օգտագործումը պետք է դառնա մեր լեզվի պահպանության անխորտակելի գրավականը,-ընդգծեց բանախոսը: Իսկ մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը բարձր գնահատելով խմբակի անդամների ոչ միայն գեղեցիկ արտասանությունը, այլև յուրաքանչյուր բառի ըմբռնումով ասմունքելը, հույս հայտնեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման օրերին այս խմբակը գրական-երաժշտական կոմպոզիցիայով կներկայացնի մեր ժողովրդի հառնումը և հայի կերպարով աշխարհին ներկայանալը:

Վերջում խմբակի ուսուցիչ Սամվել Էլբակյանը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմին, խմբակի անդամների ծնողներին՝ իր հոգուն այնքան մոտ և հարազատ գործի նկատմամբ մեծ վստահություն ցուցաբերելու, իրեն աջակցելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ գեղարվեստական ընթերցանությունը և գեղեցիկ ասմունքելը կդառնա այս դեռահասներին բարության և մարդասիրության գաղափարներով դաստիարակելու անբաժանելի մասնիկ: