Հանդիպում Վրաստանի տարբեր բուհերի հայ ուսանողների հետ |
Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի աշխատակիցների հանդիպումը Վրաստանի բուհերի հայ ուսանողության հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Թեմի երիտասարդական բաժինը, ներկա էին բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը և Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի նախագահ Գիորգի Թումասյանը: Ողջունելով ներկաներին, բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան ուսանողներին ծանոթացրեց «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը, անդրադարձ կատարեց գործող տարբեր խմբակների աշխատանքներին, կազմակերպվող և իրականացվող միջոցառումներին: Կատարվեց նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղությունների շնորհանդես: Բանախոսները կարևորեցին հայ եիտասարդների կրթության, ինքնազարգացման ուղիով իրականացվող աշխատանքները, ինչը աշխատանքի տեղավորվելիս նրանց կդարձնի ավելի մրցունակ և կարողունակ: Երիտասարդ դիվանագետների ակումբի նախագահ Գիորգի Թումասյանը դիմելով ուսանողներին նշեց, որ դեռևս ուղղորդված չէ հայ երիտասարդության գործունեությունը: Այդ նպատակով խրախուսանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությանը և գործունեության նպատակաուղղվածությանը հայ երիտասարդներին համախմբելու և նրանց գործունեությունը ազգանպաստ դարձնելու առումով: Արժևորելով երիտասարդների ընդգրկվածությունը Վիրահայոց թեմի աշխատանքներին, հանդիպմանը քննարկվեց Վրաստանի հայ ուսանողների ասոցիացիա հիմնելու հարցը: Որոշվեց ստեղծել ուսանողների ապագա մասնագիտությունների գծով ակումբներ, որտեղ նրանք կկարողանան նախաձեռնել և իրականացնել իրենց մտահղացումները, դրանով օժանդակելով Վիրահայոց թեմի համայնքային կյանքի զարգացմանը, Վրաստանի հայության միավորմանը և նրանց ստեղծագործական կարողության խթանմանը: |