2015թ.-ի ապրիլի 28-ին Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված Բաթումի քաղաքի Ամառային թատրոնում տեղի ունեցավ «100-ամյա վերք…, 100-ամյա պայքար» բեմականացումը: Այն կազմակերպվել էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվության և մանկավարժական կազմի կողմից: Թատրոնի լեփ-լեցուն դահլիճում եկեղեցու կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցի, «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարային խմբի, գեղագիտական խմբակի և երիտասարդական շարժման սաները ներկայացրեցին կենդանի երգեցողություն, եղեռնի ողբերգալի տեսարաններ, Կոմիտաս վարդապետի կյանքից դրվագներ, նրա ներաշխարհը և հոգեկան մեծ ցավը` իբրև ականատեսի և վերապրածի եղեռնի ողբերգական իրադարձությունների:
Հուզմունքը և հիացմունքը համակել էր ներկա հանդիսատեսին: Մասնակիցներին և հանդիսատեսին ողջունեց Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիայի և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Տեր հայրը բարձր գնահատեց մանկավարժների, սաների ու մասնակիցների կատարած աշխատանքը և վստահեցրեց, որ նախնյաց հիշատակը և նահատակությունն արժևորող այս ներկայացումը դեռ երկար կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բաթումիում գործող ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Վերջինս ընդգծեց, որ մեր ազգը թեպետ այսպիսի արհավիրքներ և կոտորած է ապրել, սակայն ազգային ոգին մնացել է անկոտրուն, և հայը շարունակելով իր գոյությունը կերտել է ագային պետականություն,հզոր բանակ, միասնական սփյուռք, որի օրինակը հանդիսացավ նաև այս ներկայացումը:
|