Միմյանց ճանաչենք, հանդուրժենք, ընդունենք |
Հոդվածներ |
Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի խոսքը 2016թ. հուլիս 25-ին, Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալության կողմից կազմակերպված «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» խորագրով կոնֆերանսին Ազատ կամքը մարդուն տրված պարգև է Արարչի կողմից: Աշխարհը բազմազան է. ավանդական պատմական կրոնների կողքին՝ հրեություն, քրիստոնեություն, իսլամ, կան նաև այլ կրոնական կառույցներ-հարանվանություններ: Ինչպես պատմության ընթացքում շատ անգամ մարդկությունը ալեկոծվել է պատերազմներով, ցեղասպանություններով, տեղահանություններով, այսօր դարձյալ ալեկոծված է աշխարհը, պատերազմի կրակի մեջ են Միջին Արևելքում ապրող ժողովուրդները, մարդկանց մեկ խումբը մյուսին սպանում-ոչնչացնում է Աստծո անունով՝ հանուն կրոնի, ավերում է աղոթատներ և համամարդկային արժեք ու նշանակության մշակութային կոթողներ, բայց այդ չարագործները աղերս չունեն Աստծո հետ: Դժբախտաբար, մարդկությունը հազարամյակների ընթացքում չսովորեց հանուն Աստծո և հանուն կրոնի հարգել, հանդուրժել և սիրել իր նմանին: Ամենայն Հայոց Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսը մի առիթով ասել է, որ անտարբերությունը ութերորդ մահացու մեղքն է. երբ տեսնում ես Աստծո կողմից ստեղծված մեկ այլ մարդու ցավը, տառապանքը, վիշտը, քաղցը, հիվանդությունը և ոչինչ չես անում նրան օգնելու համար, մեղքի մեջ ես ընկնում: Մենք՝ Վրաստանում ապրող քրիստոնեական տարբեր եկեղեցիների հետևորդներս, հրեական, իսլամական համայնքների, էթնիկ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ինչպե՞ս կարող ենք օգնել այս պահին աշխարհում և, հատկապես, Միջին Արևելքում տառապող ժողովուրդներին, ինչպե՞ս կարող ենք անտարբեր չլինել նրանց ցավի նկատմամբ: Մենք չունենք բազմահազարանոց զորք և համապատասխան զենք, որպեսզի օգնության հասնենք և փրկենք մահվան ճիրաններից նեղյալ ժողովուրդներին, անպաշտպան մանուկներին և ծերերին: Սա կարող են անել աշխարհի հզորները, որոնց նյութական և ռազմական հզորությունը թույլ է տալիս այսօրվա աշխարհում քաղաքականություն թելադրել և իրականացնել: Աղոթենք, որ հզոր տերությունների առաջնորդները իրենց որոշումները կայացնելիս անտարբեր չլինեն, այլ հիշեն և բարեգութ լինեն նեղյալների և կարիքավորների նկատմամբ: Մենք՝ Վրաստանում ապրող տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներս, Վրաստանում խաղաղ, հանդուրժող և միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքով մեր կեցվածքն ու պատգամը փոխանցենք աշխարհին և գալիք սերունդներին: Մեր խաղաղ գոյակցությամբ նվազագույնը արած կլինենք մեր զավակներին կրթելով, որպեսզի անտարբեր չլինեն օտարի ցավի ու նեղության հանդեպ և գիտակցեն, որ տարբեր լինել չի նշանակում հակառակորդ կամ թշնամի լինել: Մենք պարտավոր ենք, հանուն ավելի լավ Վրաստանի և հանուն ավելի լավ աշխարհի, ոչ թե մերժել ու ստորադասել այլ ազգի կամ այլ կրոնի ներկայացուցիչներին ու փոքրամասնություններին՝ նրանց տարբեր լինելու պատճառով, այլ պարտավոր ենք նրանց ընդունել ու հարգել, ինչպես որ կան: Մեր տարբերությունները և միատեսակ չլինելը ոչ թե բաժանում են մեզ, այլ գեղեցկացնում են: Սուրբ Գիրքն ասում է. «Սիրեցէք զմիմեանս»՝ չի ասում սիրեք հրեային, քրիստոնյային, իսլամին կամ այլ կրոնի և ազգի ներկայացուցչի, այլ ասում է՝ սիրեցեք զմինեանս, այսինքն՝ բոլորին: Մեր գեղեցկությունը մեր բազմազանության մեջ է: Ինչքան տխուր կլիներ, եթե բոլորս միանման լինեինք, միակարծիք լինեինք, նույն սանրվածքն ունենայինք, նույն հագուստը հագնեինք: Տարբեր կրոնների և ազգերի ներկայացուցիչները Վրաստանի հարստությունն են: Մեր հասարակությունը պետք է առավելագույնս դրական պտուղներ քաղի այս բազմազանությունից: Վրաստանում տարբեր ժողովուրդների խաղաղ և միմյանց հանդեպ հարգալից գոյակցությունը այլընտրանք չունի: Մենք՝ իբրև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի, հարգանք և սեր ենք տածում Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու և Վրաստանում գործող մյուս բոլոր եկեղեցիների, իսլամական, հրեական համայնքների և բոլոր ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Եվ նույնն էլ ակնկալում ենք նրանցից՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ մեր ունեցած տարբերությունները չեն ենթադրում, որ մենք հակառակորդներ պիտի լինենք: Մեր ազգային-կրոնական առանձնահատկությունները և ավանդույթները յուրահատուկ մի դրոշմ են, ինչը մենք բոլորս կրում ենք մեզ վրա՝ որպես բազմազգ Վրաստանի քաղաքացիներ: Մեր հասարակությունը՝ վրաց ժողովուրդը, Վրաց Եկեղեցին, փոքրամասնությունները ունեն որոշակի խնդիրներ: Սրանցից որորշնեը հատուկ են հետխորհրդային երկրներին և խնդիրների մեծ մասը գոյացել է Խորհրդային 70-ամյա աստվածմերժության ժամանակահատվածում: Վրաստանի պետության կողմից դրական քայլեր են սկսվել վերջին տարիներում՝ անցյալի սխալները ուղղելու, Խորհրդային աստվածմերժության շրջանում հասցված վնասը մասնակի փոխհատուցելու և մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Այս ամենով հանդերձ, դեռ անելիքներ շատ կան: Մենք՝ իբրև օրինապահ և հարկատու քաղաքացիները Վրաստան պետության, ակնկալում ենք, որ մեր պետությունը շարունակի սկսած դրական գործը և նախկինում բացված վերքերը մեկընդմիշտ սպիանան, ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ մյուս կրոնական փոքրամասնությունների համար: Երբեմն մարդիկ կամ համայնքները իրար չեն ընդունում, չեն սիրում, որովհետև իրար չեն ճանաչում: Երբեմն շփումների և երկխոսության բացակայության պատճառով մենք իրար չենք ճանաչում: Երբ մարդ ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի իր սիրում է, այդ իրը կամ անձը նրա համար անծանոթ չէ, այլ մեկն է, որին ճանաչում է: Ուստի, մեկին հանդուրժելու և ընդունելու համար, պետք է ճանաչել նրան, ծանոթանալ նրա հետ: Միշտ խոսելը միմյանց հետ ավելի լավ է, քան չխոսելը: Ինչպես ասում է Դալայ Լաման, «Ավելի լավ է մարդիկ իրար հետ խոսեն, քան իրար մասին»: Ուստի, թող որևէ կարծրատիպ կամ բարդույթ չխանգարի, որպեսզի մենք կարողանանք իրար հետ երկխոսել և շփվել: Մենք կարծում ենք, որ տարբեր կրոնական համայնքներին և ազգային փոքրամասնություններին միմյանց ու մեծամասնության հետ ավելի լավ ծանոթացնելու և ճանաչելի դարձնելու գործում նշանակալի ավանդ կարող են ունենալ հեռուստատեսությունը և զանգվածային լրատվամիջոցները: Եթե հանրային և մասնավոր հեռուստաալիքները բավարար հետաքրքրություն ցուցաբերեն և բազմահազարանոց հեռուստատեսալսարանին հավուր պատշաճի ներկայացնեն տարբեր կրոնական համայնքների և ազգային փոքրամասնությունների հոգևոր և ազգային կարևոր տոները և ավանդույթները, վստահ ենք, որ սա պիտի նպաստի միմյանց ավելի լավ ճանաչելուն, հարգելուն և ընդունելուն: Վրաստանի այսօրվա իրականության մեջ մեծ բաց ենք համարում այն, որ հեռուստաալիքները հաճախ զլանում են լուսաբանել փոքրամասնությունների կարևոր և նշանակալի տոները և միջոցառումները, որի պատճառով վրաց հասարակությունը հաճախ անտեղյակ է լինում իր կողքին ապրող փոքրամասնությունների մասին: Հաշվի առնելով այլ երկրների օրինակը, վստահ ենք, որ հեռուստաալիքների կողմից փոքրամասնություններին ավելի շատ հարթակ և ժամանակ տրամադրելը կնպաստի, որ Վրաստանում ապրողներս իրար ավելի լավ ճանաչենք, ավելի լավ հասկանանք և ընդունենք: Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին (12-րդ դար) իր «Գիր հաւատոյ խոստովանուեան» գրության մեջ ասում է. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»: Ութ հարյուր տարի առաջ արտահայտված այս իմաստուն միտքը այսօր ևս արդիական է: Թող Աստված օրհնի Վրաստանը և Վրաստանում ապրող բազմազգ ժողովուրդներին: |