Վիրահայոց թեմի առաջնորդը ներկայացրեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդին |
სიახლეები |
2019 թվականի ապրիլի 5-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և սիրո մթնոլորտում, որը ցույց է տալիս եկեղեցու, ժողովրդի, ղեկավարության և հասարակության միասնությունը, որը ձևավորվել է թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի և պաշտոնեության միասնական աշխատանքի շնորհիվ: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, շրջանային վարչության սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ռուբեն Կարապետյանը, Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական գործիչներ, փոխանորդության պաշտոնեությունն ու կրթամշակութային կենտրոնների տնօրենները: Իր ներկայությամբ ընդունելությունը պատվել էրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը Թբիլիսիում գտնվելու պատճառով չէին ներկայացել, բայց իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերն էին փոխանցել նորանշանակ առաջնորդին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հյուրերին ներկայացրեց նորանշանակ փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ով պատվավոր պաշտոնը ստանձնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, նաև հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու սերը և նշեց, որ ջավախահայությունը մշտապես Վեհափառ Հայրապետի խնամքի և ուշադրության կենտրոնում է: Այնուհետև Վազգեն Սրբազանը հավաքվածներին ներկայացրեց Հայր Սուրբի անցած հոգևոր գործունեությունն ու կրթական ուղղին և նրան բնորոշեց որպես գործունյա, պատասխանատու և ծառայասեր հոգևորականի, մաղթեց հաջողություններ առաջնորդական փոխանորդի պատվավոր առաքելության մեջ: Սրբազան Հայրն իր գնահատանքը հղեց երկարամյա փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, ով իր ծառայությունը փոխառաջնորդությունում իրականացրեց դժվար ժամանակահատվածում: Թեմակալ առաջնորդը նաև իր օրհնությունը փոխանցեց ղեկավարությանը, հոգևոր դասին և մտավորականներին, հասարակական գործիչներին, ովքեր աջակցել են փոխանորդության կայացմանը և աշխատանքների իրականացմանը: Ապա խոսքով հանդես եկան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը: Նրանք շնորհավորեցին Հոգեշնորհ Հայր Սուրբին և համոզմունք հայտնեցին, որ Ջավախքում հոգևոր առումով իսկապես կլինի վերազարթոնք:
|