Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորական ուղերձը վիրահայությանը |
Լուրեր |
Սիրելի հայորդիներ, Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան նվիրական տոների առիթով: Աղոթում ենք Բարձրյալ Աստծուն, որ մեր Երկնավոր Հայրը արևշատ տարիներ, հոգևոր երջանկություն և հաջողություններ պարգևի ամենքիդ: Անցնող` 2016 թվականը Վրաստանի հավատացյալ հայության համար եղավ արգասաբեր տարի: Մեր համայնքային, մշակութային հաստատությունները մասնակցեցին համահայկական տարբեր փառատոների և ծրագրերի: Ուխտագնացությունների միջոցով վրացահայությունը հաղորդակից դարձավ Հայաստան աշխարհի և Արցախի սրբություններին և տեսարժան վայրերին, գործուն մասնակցություն ունեցավ Վիրահայոց թեմի բազմաբնույթ ծրագրերին և միջոցառումներին: Թեմի «Հայարտուն», «Ռաֆայել Ջավախ», «Ալեքսանդր Մանթաշով» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների գործունեության և Վրաստանում գործող պետական ու հասարակական, մշակութային ու կրթական հաստատությունների ջանադիր աշխատանքի շնորհիվ, պահպանվեց մշակութային միջավայրը, և վրացահայությունը ըմբոշխնեց իր մեծերի արարումները թատերական, դասական երաժշտության, ազգագրական երգի ու պարի, գրականության և արվեստի բնագավառներում: Շարունակվեց եկեղեցաշինությունը, հատկապես՝ Ջավախքում: Թեմի եկեղեցիներում կանոնավոր կերպով կատարվեցին ժամերգություններ ու պատարագներ, մեր հոգևոր սպասավորները իրենց անմնացորդ ծառայությամբ Ավետարանով մխիթարեցին և հավատքի ջերմեռանդություն ներշնչեցին հավատավոր մեր ժողովրդին: Սիրելի քույրեր և եղբայրներ, գալիք 2017 թվականը հավատացյալ մեր ժողովրդի համար թող լինի նորանոր նվաճումների ու ձեռքբերումների տարի: Այն նույնպես հագեցած է լինելու մեր տաճարների վերանորոգությամբ, հոգևոր ու մշակութային կյանքի աշխուժացմամբ: Առանձնահատուկ նշանակություն է ունենալու Թումանյանական Վերնատան բացումը Մեծն Բանաստեղծի թբիլիսյան տանը: Կընդլայնվեն Բաթումիի «Ալ. Մանթաշով» կենտրոնի շենքային պայմանները և առաջընթացի նոր հնարավորություն կստեղծվի: Աշխատանքներ կտարվեն Ծալկայի շրջանում կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հիմնման ուղղությամբ: Վիրահայոց թեմը, արդյունավետ աշխատանքների և համագործակցության համար, այս տոնական առիթով իր շնորհավորանքներն ու սերն է փոխանցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Վրաց Պատրիարքարանին, Վրաստանի և Հայաստանի իշխանություններին, Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման հիմնադրամի հոգաբարձուներին, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամին, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին, Վրաստանում և Հայաստանում գործող կրոնական, պետական և հասարակական հաստատություններին: Հավատում ենք մեր ժողովրդի աշխատասիրությամբ կերտված լուսավոր ներկային և ապագային: Մենք առաքելություն ունենք աշխարհում և դեռևս չիրականացված երազանքներ: Հարյուրամյակներով սրբագործված Սուրբ Ծննդյան տոնը հույսի և հավատի աղբյուր է հանդիսանում մեր ժողովրդի համար: Դրանք դառնում են նոր արարումների ու տեսիլքների աղբյուր, խթան՝ նորանոր ձեռքբերումների և նվաճումների: Թող Բեթղեհեմի Սուրբ Մսուրում մարդացած Աստված օրհնի քրիստոսասեր և հայրենանվեր մեր ժողովրդին, խաղաղ պահի հայոց և վրաց երկինքը, ամրացնի հայերի և վրացիների հազարամյակների բարեկամությունը, անսասան պահի Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների քրիստոնեական համագործակցությունը ի փառս հավատացյալների հոգևոր ուրախության և ընտանեկան երջանկության: Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս: Աղոթքով և օրհնությամբ՝ ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ |