Լուրեր
|
2019 թվականի փետրվարի 28-ին, համայն հայությունը հիշեց Սումգայիթում կատարված ոճրագործության զոհերին և իր խոնարհումը բերեց նրանց հիշատակին: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի էին եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարելով 1988թ. փետրվարին Սումգայիթում, Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.) տեղի ունեցած հայկական ջարդերը և դրանց զոհ դարձած անմեղ մարդկանց, դատապարտեց ամեն տեսակ ոճրագործություն, որ դրսևորվում է անձի ազգային պատկանելության և հավատքի դեմի: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայ ժողովրդի անսասան կամքը, հերոս զավակների արիությունը, ում շնորհիվ շարունակում է զարգանալ մայր հայրենիքը, միասնական մնալ Հայոց եկեղեցին և զարգանալ համազգային արժեքները: Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հայատյացության անմեղ զոհերի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ: Հիշատակի միջոցաումը շարունակվեց եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դատապարտելով Սումգայիթում կատարված եղեռնագործությունները, կոչ արեց թբիլիսահայությանը չտրվել սադրանքներին,ապրել միասնաբար, ինտեգրվել վրաց հասարակությանը, պահպանելով հայի ազգային տեսակը: Ոճրագործությունը դատապարտող խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրթյանը և Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության խաչքարի պատվանդանին:
|