Լուրեր
|
Վիրահայոց թեմում շարունակվում են աշխատանքները թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ» նախագծով միջոցառումները կյանքի կոչելու ուղղությամբ: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի սույն նախագծի համակարգող Էմիլ Սարգսյանի ղեկավարությամբ առաջին փուլի սեմինար-հանդիպումներից հետո թիրախային դարձան վարժանքներն ու խաղերը: 2019 թվականի մարտի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում երիտասարդների համար խմբային աշխատանքի գծով վարժանք անցկացրեց կրթության ծրագրերի ստեղծագործական կենտրոնի համակարգող, BTU-ի և Իլիայի համալսարանի դասախոս Թեոնա Դալլաքիշվիլին: Վարժանքի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին խմբային աշխատանքի ունակությունների մասին, արտահայտեցին կարծիքներ տարբեր գաղափարների և դրանց իրականացման պլանների վերաբերյալ: Նույն նախագծի շրջանակներում մարտի 23-ին անցկացված հաջորդ գործնական վարժանքի նպատակն էր երիտասարդներին սովորեցնել ճիշտ ուղղվածության և գրագետ նախագիծ գրելու մեթոդիկան: Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի այդ օրվա հյուրն էր նորույթների աջակցության հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ISET-ի հրավիրյալ դասախոս, Թբիլիսիի Google դեվելոպերային խմբի և WomenTechmakers ծրագրի նախաձեռնող և լիդեր Նինո Նանիտաշվիլին: Դասախոսը երիտասարդներին հանգամանորեն բացատրեց նախագիծ գրելու և դրա հաջող իրականացման մասին: Հատկանշական է, որ երիտասարդները բարձրաձայնեցին և փոխանակեցին սեփական մտահղացումները և որոշեցին կատարել նախագիծ գրելու փորձեր:
|