Լուրեր
|
2019 թվականի մարտի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ հանդիպում Թբիլիսիի բուհերում 1+4 ծրագրով սովորող նախապատրաստական կուրսի ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ողջունեց ներկաներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը և արձանագրեց այն ուշադրությունը և աջակցությունը, որ ցուցաբերում է թեմը Թբիլիսիի տարբեր բուհերում սովորողների նկատմամբ: Բաժնի տնօրենը արժևորեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի սոցիալական քաղաքականության և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Մալխասյանի և Ստեփան Էվաջյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող կամավորական հավելյալ դասընթացները: Ելնելով դասընթացների դրական նպատակից և ուսանողների դրսևորած ակտիվությունից, բանախոսը նշեց, որ դասընթացներն ընդարձակվելով ընթանալու են ինչպես «Հայարտուն», այնպես էլ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի անվան կենտրոնում: Դասընթացի ծրագրում նախատեսված են մաթեմատիկայից պարապմունքներ, որոնք կօգնեն ապագա ծրագրավորողներին և տնտեսագետներին: Ամեն շաբաթ կանցկացվեն մասնագիտական տեղեկատվական հանդիպումներ, ինչի արդյունքում 1+4 ծրագրով ընդունված ուսանողները պատրաստ կլինեն առաջին կուրս փոխադրվելուն և մասնագիտական առարկաները վրացերեն հանձնելուն: Շարունակվելու են աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի դասերը քաղաքացիական դաստիարակությունից և ընդհանուր ունակություններից: Հաջորդ օրը, մարտի 28-ին, Թեմի «Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոս» կենտրոնում կայացավ առաջին պարապմունքը: Դասընթացներից բացի նախատեսվում են տարբեր հանդիպումներ, ֆիլմի դիտում, թեմաների քննարկումներ, խաղ-մրցույթներ, վիկտորինաներ և այլն:
|