ՌԵՎԱԶ ՄԻՇՎԵԼԱՁԵԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Տասը նորավեպ ընդգրկող այս գեղեցիկ ձևավորված գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ, նրա նախագահ, ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վ.Փշավելայի անվան մրցանակի դափնեկիր, Վրաց մշակույթի դեսպան, «Մերանի» հրատարակչության և »Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ , առաջաբանով ու թարգմանությամբ, ծնունդով գյումրեցի, այժմ գերմանաբնակ Ռուզան Պողոսյանի նյութական աջակցությամբ:
Շնորհանդեսին հավաքվել էին հայ ու վրացի տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ արվեստի ու մշակույթի, գրքի, ու գրականության սիրահարներ:Այստեղ էին և հեղինակին ու թարգմանչին շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի ու Հայաստանի ԳՄ նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լևոն Անանյանը, բանաստեղծ Բադրի Քութաթելիձեն, Միքայել Թադևոսովը, ուրիշներ: Նրանք իրենց ելույթներում արժևորեցին մեծանուն գրողի գրական-ազգային- քաղաքական գործունեությունը (նա եղել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր) և արժանին մատուցեցին այս նոր գրքի համար ևս՝ դա որակելով որպես գեղեցիկ էջ ինչպես հայ ու վրաց գրականությունների անդաստանում, այնպես էլ մեր երկու ժողովուրդների բարեկամության մատյանում: Գրքից հայերեն ու վրացերեն լեզուներով հատվածներ ընթերցեցին թարգմանիչն ինքը, «Մծերլիս գազեթի» ( Գրողի թերթ) թերթի փոխխմբագիր Մանանա Գորգիշվիլին՛ «Հայարտան» մշակույթի պատասխանատու, միջոցառման կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի սանուհի Լիզա Թորոսյանը: Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական համարներով, որ ներկայացրին դաշնակահարներ Ե.Աբովյանը, Պ.Օգանեզովը. դուդուկահարներ Վ.Մկրտչյանը , Յ.Ղազարյանը: Ներկաների առջև հանդես եկավ Ռ.ՄԻշվելաձեն:« Այսօր ես շատ երջանիկ եմ ու լի եմ շնորհակալության զգացումով ՝այստեղ նստած ինձ շատ հարազատ մարդկանց հանդեպ—Ես շնորհակալ եմ հայ մշակույթին, հայոց պատմությանը, որ ունի Մեսրոպ Մաշտոց, որ ունի Սունդուկյան, Թումանյան, Չարենց և այլ մեծեր... Որ այսօր էլ Վրաստանում ունի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են հենց այս գրքի հոգին ու շունչը հանդիսացող իմ հրաշալի, իմ բազմափորձ ու շնորհաշատ բարեկամուհին՝ Անահիտ Բոստանջյանը...Որ ունի այնպիսի Սրբազան առաջնորդ, ինչպիսին մեր սիրելի Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն է այս գեղեցիկ երեկոյի բարի նախաձեռնողն ու պահապանը.... Որ ունի Վան Բայբուրթյան, ով ամեն ինչ անում է, որ սեպ չխրվի մեր երկու ազգերի միջև... Որ ունի Լևոն Անանյան, ով մեր, սիրելի Մաղվալայի հետ ջանում են անընդհատ նորացնել ու թարմացնել մեր գրական կապերը.. իմ լավագույն բարեկամ իմ հայերեն առաջին գրքի թարգմանիչ Հրաչյա Բայրամյանից եմ շնորհակալ... այս նոր գրքիս ամբողջ հրատարակչական խմբին եմ շնորհակալ ՝ խմբագրից՝ Գայանե Բոստանջյանից, նկարիչներից մինչև սրբագրիչ ու դիզայներներ... Ես շատ սիրեցի այս գիրքը, դա իմ այս տարվա առաջին նվերն էր, որ Անահիտը բերեց Սուրբ Ծննդյան օրը մեր տուն... Շնորահակալ եմ այս գեղեցիկ միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, բոլոր ներկաներիդ ու բացականերին—ամբողջ հայությանը , որ կա, ապրում է աշխարհում ու բարեկամներ է անընդհատ որոնում՝ մեզ հետ միասին՝ ականջալուր մեծն Ռուսթավելու իմաստուն պատգամին՝ ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին.....Ես ձեզ շատ եմ սիրում—Ես ձեր ցավը տանեմ.. մենք միասին պիտի լինենք միշտ ու հանապազ....» Միջոցառումն ամփոփեց օրհնության, մեծարումի, շնորհավորանքի ու շնորհակալության խոսքով, և բոլոր տասը նովելների հիանալի գրականագիտական վերլուծական խոսքով հանդես եկավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝որակելով Ռեվազ Միշվելաձեին որպես հիանալի մարդաբանի, մարդու ներաշխարհի հիանալի քննախույզի՝ հավելելով բնագրին համարժեք հիանալի թարգմանության դերը այս գրքի կայացման գործում՝ շնորհակալության իր խոսքն ուղղելով բազմամյա թարգմանիչ - հրատարակիչ Անահիտ Բոստանջյանին: Ավելացնենք որ գրքում օգտագործված են նմուշներ նկարիչներ Նիկո Փիրոսմանիի , Մայիս Մխիթարյանի, Արա Բաղդասարյանի աշխատանքներից, ինչպես նաև Սահակովի, Վ. Հունանյանցի, Յուրի Ակուլյանի և այլոց լուսանկարչական նյութեր: |