Թբիլիսիում գտնվող Վանաձորի թատրոնի ղեկավարները և դերասանները այցելեցին Վիրահայոց Թեմ |
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու իր նստավայրում, հյուրընկալեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանին, թատրոնի դերասաններին և թատերագետ և արվեստաբան Լևոն Մութաֆյանին: Այս օրերին աբելյանցիները Թբիլիսի են ժամանել տեղի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցությա Բոլոր երեք ներկայացումները Թբիլիսիի հանդիսատեսը ընդունեց մեծ ոգևորությամբ, իսկ հյուրախաղերը Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության համար դարձան իրադարձություն: Թեմի առաջնորդը մեծ գոհունակություն հայտնեց հյուրերին և անձամբ մեծահամբավ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին փայլուն ներկայացումների համար և իր օրհնությունը բաշխեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տաղանդավոր դերասաններին և ստեղծագործական խմբին: Առաջնորդը կարևորեց Մայր Հայրենիքի ուշադրությունը Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հանդեպ և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով, Վրաստանի և Հայաստանի իշխանությունների համատեղ աջակցությամբ կնորոգվի Թբիլիսիի հայ թատրոնի շենքը և կշարունակվեն հին և բարի ավանդությունները Հանդիպմանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը հայտնեց, որ նախատեսում է Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի դերասանների հետ ներկայացում բեմադրել: Մաէստրոն իր գոհունակությունը հայտնեց Թբիլիսիի հանդիսատեսի ջերմության և ոգևորության համար, նաև երախտագիտության խոսքեր ասաց հյուրընկալող թատրոնի տնօրինության մասին: Հյուրերը մոմեր վառեցին հայոց հինավուրց Սուրբ Էջմիածին եկեղեցում , շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում և ծանոթացան կենտրոնի գործունեությանը: Հանդիպմանը ներկա էր Գևորգ սարկավագ Անտոնյանը: |