Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց գրքի շնորհանդեսի |
2015 թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի Իլիա Ճավճավաձեի անվան դահլիճում, տեղի ունեցավ կրոնի հարցերով պետական գործակալության «Կրոն և իրավունք» նախագծի շրջանակներում հրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կրոնի ազատության մասին» վերնագիրը: Շնորհանդեսին ներկա էին դիվանագիտական կորպուսի, կրոնական համայնքների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի և Թեմի իրավաբան Միքայել Ավագյանի ուղեկցությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց Վրաստանի կրոնի հարցերով պետական նախագահ Զազա Վաշախմաձեին հետաքրքիր և կարևոր գրքի հրատարակության կապակցությամբ և մաղթեց հաջողություններ գործակալության գործունեությունում: Շնորհանդեսի բանախոսները արժևորեցին գրքի հրատարակությունը, նշելով, որ հրատարակությունը միավորում է մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական դատարանի կողմից 2014 թվականը ներառյալ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական համաձայնագրի 9-րդ՝«Կարծիքի, խղճի և կրոնի ազատության մասին » հոդվածի հիման վրա ընդունած որոշումները: Յուրաքանչյուր գործում համառոտ հաղորդված են փաստեր, կողմերի փաստարկները և դատարանի գնահատականը, ինչը, ինչպես մասնագետներին, այնպես էլ հետաքրքրվող ընթերցողին, հնարավորություն է տալիս ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն: |