Հոդվածներ |
15 նոյեմբերի, 2017 թվական Հարգելի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հոգևոր եղբայրներ, թանկագին քույրեր և եղբայրներ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից ողջունում ենք բոլորիդ և աղոթում ամենքիդ արևշատության, խաղաղության և հոգու փրկության համար: Պատմության ողջ ընթացքում մարդկությունը բազմիցս փորձությունների է ենթարկվել ՝ պատերազմների, ցեղասպանությունների, գաղթի ու կոտորածների պատճառով: Այսօր էլ աշխարհն անհանգիստ է. պատերազմական գործողություններն իրենց ավերիչ ալիքի տակ են առել Միջին Արևելքը, մարդկանց մի խումբը, Աստծու և կրոնի անունից, սպանում, ոչնչացնում է մյուսին, ավերակների է վերածում տաճարները, համամարդկային արժեքները, հինավուրց մշակութային կոթողները: Այս մարդիկ հեռու են Աստծուց: Ցավոք, մարդկությունը հազարամյակների ընթացքում Աստծու և հավատքի համար չսովորեց իր նմանին հարգել, ներողամիտ լինել և սիրել: Մենք՝ Վրաստանում ապրող տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներս, Վրաստանում խաղաղ, հանդուրժողական համակեցությամբ և միմյանց նկատմամբ հարգալի վերաբերմունքով մեր կենսակերպը որպես կտակ պետք է թողնենք աշխարհին և ապագա սերունդներին: Մեր զավակներին այսպես դաստիարակելով, մենք նվազագույնը կանենք նրանց՝ ուրիշի ցավի, կարիքի հանդեպ սառնասիրտ չլինելու համար, գիտակցելու համար, որ տարբերությունը հակասություն կամ թշնամանք չի նշանակում: Մեր տարբերությունը և բազմազանությունը չի հեռացնում մեզ միմյանցից, այլ գեղեցկացնում է մեզ: Սուրբ Գիրքը պատվիրում է. «Սիրեցեք միմյանց»: Սա ոչ թե հրեային, քրիստոնյային, մուսուլմանին կամ որևէ այլ կրոնի կամ ազգության կոնկրետ ներկայացուցչին սիրելու պատվիրան է, այլ բոլորին սիրելու կոչ ու հորդոր: Սիրեցեք միմյանց, այսինքն՝ սիրեցեք բոլորին: Մեր գեղեցկությունը մեր բազմազանության մեջ է: Ցավալի կլիներ, եթե բոլորս միատեսակ լինեինք, միանման մտածելակերպ և սանրվածք ունենայինք, միևնույն հագուստը կրեինք: Տարբեր դավանանքի և ազգության ներկայացուցիչները Վրաստանի հարստությունն են: Մեր հասարակությունը առավելագույնս դրականը պետք է վերցնի այս բազմազանությունից: Վրաստանում տարբեր ազգերի փոխադարձ հարգանքը և խաղաղ համագոյակցությունը այլընտրանք չունեն: Մենք, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, հարգանքով և սիրով ենք վերաբերում Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցուն և Վրաստանում գործող այլ եկեղեցիների, մուսուլմանական, հրեական համայնքներին և բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Մենք նույնն ենք ակնկալում նրանցից, ընդգծում ենք, որ մեր տարբերությունը չի ենթադրում, որ մենք հակառակորդներ պիտի լինենք: Մեր ազգային, կրոնական հատկանիշները և ավանդույթները այն առանձնահատուկ նշանն է, որը բոլորս ենք կրում՝ որպես բազմազգ Վրաստանի քաղաքացիներ: 2014 թվականին Կրոնի հարցերով պետական գործակալության հիմնումը կարևոր նշանակություն ունեցավ Վրաստանի կրոնական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ: Սա եվրոպական ընտանիք մտնելու՝ երկրի կողմից արված կարևոր քայլ էր, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները դրսևորում են կրոնական համայնքներին հետաքրքրող հիմնահարցերի նկատմամբ հետաքրքրություն և ընկալում: Այն արտահայտվեց իսլամական համայնքին մզկիթների և հրեական համայնքին սինագոգների վերադարձմամբ ու քրիստոնեական համայնքների աղոթատների վերադարձման պատրաստակամությամբ: Առանձնակի նշանակություն ունի խորհրդային ժամանակաշրջանում կրոնական թեմերին հասցված վնասի մասնակի փոխհատուցումը: Խորհրդային ամբողջատիրական վարչակարգի ընթացքում հասցված վնասի մասնակի փոխհատուցման շրջանակներում Պետության կողմից հատկացված նյութական միջոցները հնարավորություն տվեցին Թեմին ընդլայնել իր գործունեությունը թե՛ հոգևոր և թե՛ մշակութային ու կրթական ոլորտներում: Օր-օրի ընդլայնում է իր աշխատանքը նաև Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը և շահում Վրաստանում գործող կրոնական համայնքների վստահությունը: Նշված քայլերը պետության նկատմամբ ավելացրին վստահությունը և համագործակցության ուղիներ բացեցին: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի Իշխանությունների մոտեցումը կրոնական համայնքների խնդիրներին: Լիահույս ենք, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին պատկանող տաճարները վերադարձնելու հարցը մոտակա ժամանակաշրջանում դրական լուծում կունենա: Հուսով ենք, որ Վրաստանի իշխանությունները համապատասխան ուշադրության կարժանացնեն Թբիլիսիում և Վրաստանի տարածաշրջաններում գտնվող չգործող և խոնարհված հայկական եկեղեցիների կոնսերվացման և խնամքի հարցը նույնպես: Առաջընթաց է նկատվում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ պետության կողմից ցուցաբերված ուշադրության տեսակետից: Օրինակ, Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու ամրապնդման ուղղաթյամբ կատարված աշխատանքները: Ցանկանում եմ մեկ անգամ կրկին ընդգծել, որ այլ կրոնական համայնքներին պատկանող Աստծու տները գտնվում են Վրաստանի տարածքում և հանդիսանում են Վրաստանի հոգևոր և մշակութային կոթողներ, ուստի պետության և պատկան մարմինների անմիջական պարտավորությունն է հոգալ հոգևոր և ազգային նշանակության հուշարձանների պահպանության մասին: Միաժամանակ կցանկանայինք Վրաստանի իշխանությունների կողմից անդրադարձ կատարվեր հարկային արտոնություն տալու հարցին, ինչը հնարավորություն կտա խնայած միջոցները նույնպես օգտագործել տաճարների վերանորոգման և պահպանման համար: Կարծում ենք, կրոնական տարբեր համայնքների և ազգային փոքրամասնությունների՝ միմյանց և մեծամասնության հետ ծանոթանալու գործում նշանակալից ներդրում կարող են ունենալ հեռուստատեսությունը և լրատվական միջոցները: Եթե հանրային և մասնավոր հեռուստաալիքները բավականին հետաքրքրություն ցուցաբերեն և հեռուստատեսային բազմահազար լսարանին պատշաճ մակարդակով ներկայացնեն տարբեր կրոնական համայնքների և ազգային փոքրամասնությունների հոգևոր և ազգային կարևոր տոներն ու ավանդույթները, ապա, համոզված ենք, մեծ աշխատանք արված կլինի միմյանց ավելի լավ ճանաչելու, հարգելու և միմյանց ընդունելու ուղղությամբ: Վրաստանի ներկա իրականության մեջ մեծ թերություն ենք համարում այն, որ հեռուստաալիքները հաճախ խուսափում են փոքրամասնությունների կարևոր տոները և միջոցառումները լուսաբանելուց, ինչի պատճառով վրաց հասարակայնությունը տեղեկացված չէ իր կողքին ապրող փոքրամասնությունների մասին: Այլ երկրների օրինակների հաշվառումով, հավատում ենք, որ հեռուստաալիքների կողմից փոքրամասնություններին ավելի մեծ հարթակ և ժամանակ հատկացնելը կնպաստի Վրաստանում ապրողներիս՝ միմյանց ավելի լավ ճանաչելուն, ավելի լավ հասկանալուն և մեկս մյուսիս ընդունելուն: Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի Վրաստան աշխարհը և այս գեղեցիկ երկրում ապրող կրոնական և ազգային համայնքները շարունակեն խաղաղ համագործակցությամբ շենացնել մեր պապերի կողմից շեն ու բարեկարգ թողնված Վրաստանը: |