Դոկտոր, պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը «Հայարտուն» կենտրոնում |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հյուրընկալվեց Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հելմոնց կենտրոնի և Մյունխենի տեխնիկական համալսարանի պատկերման ամբիոնի դոկտոր Սահակ Վիկտորի Հովսեփյանը: Դուբլինի նեյրովիրաբուժական և կենսաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսորը Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հրավերով, այս օրերին «Ուղեղի օպտիկական և օպտիկա-ակուստիկ պատկերումը» թեմայով դասախոսություններ կարդաց ուսանողների և դասախոսների համար: Համանման դասախոսությամբ գիտնական Հովսեփյանը նորերս հանդես էր եկել նաև Երևանում, տեղի պետական բժշկական համալսարանի հրավերով: Հայտնի բանաստեղծ, երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի որդին՝ Սահակ Հովսեփյանը, Թբիլիսիում գտնվելու առիթը օգտագործեց նաև բժշկության բնագավառն ընտրած վիրահայ երիտասարդներին և թբիլիսահայ հասարակայնությանը հանդիպելու և գլխուղեղի աշխատանքի հետ կապված գիտության վերջին նվաճումների մասին նրանց իրազեկելու համար: Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ծնունդ, ճանաչված բժիշկ-գիտնականը նաև պատմեց կարիերայի զարգացման իր անցած ուղու մասին, հորդորեց երիտասարդներին չվախենալ դժվարություններից և աշխատասիրությամբ, գործին նվիրվածությամբ անպայման հասնել նպատակին: Դոկտոր-պրոֆեսորը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարբեր հարցերի: Հանդիպումն ամփոփեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Հոգևոր Հայրը օրհնության և գնահատանքի խոսքում եվրոպաբնակ հայ գիտնականին շնորհակալություն հայտնեց բանախոսության համար և մաղթեց նորանոր հաջողություններ: |