Թբիլիսիի անկրկնելի հրապույրը... |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 18-ին, Թբիլիսիի Մերաբ Բերձենիշվիլիի անվան «Մուզա» մշակույթի միջազգային կենտրոնի համերգային դահլիճում կայացավ «Թբիլիսիի անկրկնելի հրապույրը...» խորագրով համերգ: Համերգն իրականացավ Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Ալեքսանդր Պիրադովի մտահղացման հիման վրա: Համերգի ծրագրում ընդգրկված էին այն քաղաքային երգն ու երաժշտությունը, որ տասնամյակների ընթացքում ստեղծել են Թբիլիսիի երախտագետ զավակները, որպես քաղաքի նկատմամբ իրենց սիրո առհավատչյա: Միջոցառման հենքը Վրաստանի մայրաքաղաքի գեղեցկության, հյուրընկալության և հմայքի գովաբանությունն էր, որ ներկայացրեց համերգավար Ալեքսանդր Պիրադովը: Նրա խոսքը համեմված էր Թբիլիսիին նվիրված ասմունքով, հետաքրքիր հուշերով և մեկնաբանություններով: Տարբեր երգահանների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան ճանաչված դաշնակահարներ Անրի Մերաբովը, Իրինա Պլատոնովան, ջութակահարուհի Մարիաննա Ասրիևան,երգչուհիներ Նինուցի Դեդիաշվիլին, Մարիկա Տուրաշվիլին, Ժաննա Սիմոնյանը: Դուդուկի և դհոլի նվագակցությամբ Լևոն Չիդիլյանի կողմից Սայաթ-Նովայի բանաստեծությունների ընթերցմամբ դահլիճում տարածվեց այս հինավուրց քաղաքի կոլորիտային հմայքը: Թբիլիսիի անկրկնելի հրապույրի յուրահատուկ ձոն դարձավ «Ջեյրան» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյան) և ելույթ ունեցողների կողմից Անահիտ Բոստանջյանի «Հին Թիֆլիս» բանաստեղծության հիման վրա գրված Կախա Ցաբաձեի երգի կատարումը: |