Լուրեր
|
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին: 2019 թվականի հունվարի 13-ին տոնական օրվա առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջչնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սրբազան Պատարագ մատուցեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Պատարագին հավատացյալ ժողովրդի հետ միասին ներկա էին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը և Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին և շնորհավորեց ու բարեմաղթանքներ փոխանցեց հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Հիսուսի Անվանակոչության տոների առիթով: Հավարտ Սուրբ Պատարագի՝ ձեռամբ Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոսի, կատարվեց Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու համար պատրաստված Սրբոց Նահատակաց սրբապատկերի օծման հանդիսավոր արարողությունը: Թեմակալ առաջնորդը Սուրբ Մյուռոնով օծեց պատկերի 4 անկյունները, որից հետո պահպանիչ աղոթքով օրհնեց սրբապատկերի բարերար Կարապետ Մոսոյանին և հավատացյալներին: Սրբապատկերի օծման ավարտից հետո հավատացյալները մոտեցան ատյանին և երկրպագեցին նորաօծ սրբապատկերին: Պատարագից հետո փոխանորդության առաջնորդարանում կազմակերպվեց ընդունելություն: Հունվարի 13-ը տոնական Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի, Բաթումի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ռուսթավիի և Մառնեուլիի շրջանի հայոց եկեղեցիներում:
|