Լուրեր
|
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը հիրավի գեղեցիկ անակնկալ էր պատրաստել թբիլիսահայ համայնքի համար: 2019 թվականի հունվարի 26-ին Թեմի «Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոս» երիտասարդական և համայնքային կենտրոնում կայացավ «Կախարդական գիրքը» ներկայացման պրեմիերան: Դահլիճը մարդաշատ էր, հանդիսատեսը՝ տարբեր – թատերական արվեստի մասնագետներ, թատրոնը սիրողներ և գնահատողներ: Հոգևոր դասի ուղեկցությամբ իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ու բացվեց վարագույրը, երևաց բեմահարթակը: Թատերական արվեստի սիրահար Նիկա Ղազարյանը ռեժիսորական իր ողջ գիտելիքը, որ ստացել էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի ստուդիայում ուսանելիս, գործի էր դրել, ստեղծելով պիեսին համահունչ ձևավորում և տարբեր տարիքի կամավոր դերասանների անբռնազբոս, ազատ խաղ: Թատերական արվեստի սկսնակ նվիրյալի և դերակատարների ստեղծագործական քայլերը գնահատեց Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Քաջալերով երիտասարդական բաժնի գործունեությունը տնօրեն Վալերի Բադալյանի ղեկավարությամբ, Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց երիտասարդական թատրոնի ձևավորումը, Նիկա Ղազարյանի աշխատանքը և կամավորների մասնակցությունը: Վազգեն Սրբազանը հաջողություններ և առաջընթաց մաղթեց ձևավորվող երիտասարդական թատրոնին:
|