Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները «Էքսպերիմենտորիում» թանգարանում |
Լուրեր |
2017 թվականի փետրվարի 4-ը սովորական օր չէր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների, ի մասնավորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մայրենի ուսուցման մեկօրյա դպրոցի սովորողների և «Տարոն» պարային համույթի կրտսեր խմբի անդամների համար: Թեմի Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի առաջնորդությամբ, կազմակերպվեց շուրջ երեք տասնյակ երեխաների այցելությունը Թբիլիսիի «Էքսպերիմենտորիում» զվարճալի գիտությունների թանգարան: «Հայարտան սաների» այս էքսկուրսիան նախաձեռնել և հովանավորել էր «Կովկասյան գործընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը: Վերոնշյալ թանգարանում տեղ գտած 80-ից ավելի ցուցանմուշները ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, աստղագիտության տարբեր օրենքների ցուցադրություն է: Էքսկուրսավարի գիտական մեկնաբանությունները փորձարկվում էին ցուցադրված իրերի և առարկաների վրա անմիջականորեն երեխաների ընդգրկմամբ: Երեխաներին հնարավորություն ընձեռվեց իրականորեն առնչվելու այդ ցուցանմուշներին, մասնակիցը դառնալու տարբեր գիտությունների տեսական օրենքների կենցաղային կիրառմանը, անհավատալին դարձնելով շոշափելի և տեսանելի: Դրանցից էր ձայնի ուժգնության չափումը, չոր սառույցի ստացումը, մեխերի վրա նստելը, ընկերոջը օդի մեջ բարձրացնելը, ձեռքով կայծակը բռնելը և այլն: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությանը «Էքսպերիմենտորիում» թանգարան երեխաների էքսկուրսիան կազմակերպելու և զվարճալի գիտությունների հետ առնչվելու հնարավորություն ստեղծելու համար: |