Տարեկան հաշվետու ժողով Ախալքալաքում |
Լուրեր |
2019 թվականի փետրվարի 5-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդարանում` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ ընդհանուր հաշվետու ժողով, որտեղ ներկայացվեց փոխանորդության աշխատանքային և ֆինանսական հաշվետվությունը։ Ժողովին մասնակցում էին փոխանորդության հոգևոր դասը և փոխանորդության գործող 4 կրթամշակութային կենտրոնների ու առաջնորդարանի աշխատակազմը։ Բացման խոսքում թեմակալ առաջնորդը ողջունեց ներկաներին, փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը, գնահատեց հոգևոր դասի և պաշտոնեության ծառայությունը և Փոխառաջնորդարանի գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը էկրանի վրա սեղմ ներկայացրեց եկեղեցիների, կենտրոնների և առաջնորդարանի լայնածավալ գործունեությունը, որից հետո փոխանորդության հաշվապահ Ռուզաննա Երեմյանը նույնպես էկրանին ներկայացրեց թեմի և Ջավախքի փոխանորդության ֆինանսական մանրամասն հաշվետվությունը։ Այնուհետև հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ ինչպես հոգևորականների, այնպես էլ պաշտոնեության կողմից հնչեցին առաջարկություններ, որոնք դրական արձագանք ունեցան առաջնորդի կողմից։ Որոշվեց 2019 թ․ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները պատշաճ մակարդակով նշել նաև տեղերում։ Վազգեն եպիսկոպոսը հանձնարարեց առաջնորդարանի պաշտոնեությանը այսուհետ ուղիղ կապի մեջ լինել Հայաստանի կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների հետ ու փոխանորդության գործառույթների համար անհրաժեշտ նյութեր և գրականություն ստանալ ուղիղ կապով։ Սրբազանը հորդորեց կրթամշակութային կենտրոններին աշխույժ աշխատել փոխանորդության մշակութային բաժնի հետ։ Որոշվեց նաև Ախալցիխեի «Վարդգես Սուրենյանց» կենտրոնում ընդունել նոր մանկավարժներ և միջոցներ հատկացնել կենտրոնի կահավորման համար։ Որոշվեց միջոցներ հատկացնել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ներսի վերանորոգման համար։ Խոսվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու տանիքի վերանորոգման և Ռաֆայել-Ջավախ կենտրոնին կից սրահ կառուցելու մասին, որոնց մասին թեմակալ առաջնորդը բանակցություններ է վարում ՀԲԸՄ-ի և այլ դոնոր կազմակերպությունների հետ՝ խնդիրներին լուծում տալու համար։ Վազգեն Սրբազանը գոհունակություն հայտնեց Վրաստանի կառավարությանը մնայուն կերպով նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։ Առաջնորդը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին, համահայկական հիմնադրամներին, Սամցխե-Ջավախքի իշխանություններին փոխանորդությանը ցուցաբերած աջակցության և օգնության համար։ Ժողովի վերջում Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը փոխանցեց բոլորին և հրավիրեց հյուրասիրության։
|