Մարտի 17-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նույնանուն կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հանդիսավորապես նշվեց վիրահայ ճանաչված բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի ծննդյան 60 եւ գրական գործունեության 40-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության եւ ՀՀ գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին եւ Լեւոն Անանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ Հովսեփ Կարախանյանը եւ Լեւոն Թորգոմյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ, գրողներ, գործարարներ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Գեւորգ Սնխչյանի գրական եւ հասարակական գործունեության, «Վերնատուն» գրական միավորման ստեղծման, աղանյանական օրվա հիմնադրման կապակցությամբ գնահատանքի իր խոսքն ասելուց հետո, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը եւ հոբելյարին հանձնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալը:
Բազմաթիվ գրքերի հեղինակ Գեւորգ Սնխչյանին՝ թե իր ծննդավայրում եւ Վրաստանի խորհրդարանում, թե պետական գրասենյակում եւ ինքնակառավարման մարմիններում, թե տեղական թերթերի խմբագրություններում ու մշակույթի բաժանմունքներում հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության կապակցությամբ շնորհավորանքի եւ «Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության գնահատանքի իր խոսքը տեսաձայնագրության միջոցով ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
|